Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հանդիպել է 30 միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր և մասնակիցները հրավիրվել էին Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու ու քննարկում ունենալու համար: Արման Թաթոյանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի կարգավորումները: Հատուկ ընգծվել է, որ նոր օրենքը նպատակ ունի բարձրացնել Հայաստանում օմբուդսմենի հաստատության ինստիտուցիոնալ դերը երկրի իրավական համակարգում: Քննարկվել է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Հայաստանում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն այդ ոլորտում:
Թաթոյանը կարևորել է աշխատանքը հասարակական կազմակերությունների և լրագրողների հետ: Հանդիպմանը մանրամասն քննարկվել են նաև հանդիպումներին Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի մասնակցության ու դեպի Ղարաբաղ այցերին վերաբերող հարցեր: Թաթոյանը մանրամասն ներկայացրել է ԼՂ օմբուդսմենի զեկույցները, դրանցում տեղ գտած՝ դաժանությունների վերաբերյալ փաստերը: Մասնակիցների մեկի հարցին, թե ինչ կարծիք ունի Բաքվի պլատֆորմի մասին, Թաթոյանը պատասխանել է, որ այն իրական չէ և չի կարող ընդունելի լինել, երբ ապրիլյան պատերազմն ակնհայտորեն ցույց տվեց, որ դաժան սպանությունները կապված էին միայն այն փաստի հետ, որ մարդիկ հայ են:
Ըստ օմբուդսմենի, Ադրբեջանում այնքան մեծ է ատելության մակարդակը հայերի նկատմամբ, որ չի կարող լինել իրական պլատֆորմ հենց Բաքվում: Այսպիսի դիրքորոշումը հիմնավորվել է կոնկրետ օրինակներով՝ ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից: Արման Թաթոյանն ընդգծել է, որ սկզբունքային դիրքորոշում է՝ Լեռնային Ղարաբաղի հարցերով քննարկումներին պետք է բացառապես մասնակցի ԼՂ օմբուդսմենը, քանի որ մարդու իրավունքների հետ կապված հարցերը որևէ կապ չունեն քաղաքականության հետ:
ՀՀ օմբուդսմենը կարևորել է լրագրողների աշխատանքը Ղարաբաղում և նշել, որ հիմա էլ ավելի պետք է ակտիվացնել աշխատանքը որպեսզի ակտիվանան այցերը ԼՂ: Օմբուդսմենը ևս մեկ անգամ կարևորել է այն սկզբունքը, որ մարդու իրավունքները սահմաններ չեն ճանաչում և Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտները պետք է ներգրավված լինեն բոլոր միջազգային հանդիպումներում:
Մասնակիցները բարձր են գնահատել քննարկումը մարդու իրավունքների պաշտպանի հետ, նրա ակտիվ աշխատանքը՝ թե երկրի ներսում, թե միջազգային մակարդակի հանդիպումներին և պատրաստակամություն հայտնել համագործակցել առանձին ուղղություններով և շարունակել նմանատիպ քննարկումները: